ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը 29․94 տոննա օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված շուրջ 1․5 մլն անձի։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ։
«Կառավարության որոշման այս նախագծի ընդունումը պայմանավորված է Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված ծանրագույն սոցիալ–տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1․5 մլն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքով։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց առաջարկվում է տրամադրել մթերք և դեղեր՝ հասցեագրելով նրանց առաջնային կարիքները»,– նշեց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ մարդասիրական օգնությունն, ընդհանուր առմամբ, կկազմի 29․94 տոննա, որը տեղափոխումը կիրականացնի ՊՆ–ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ նա հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում։
«Հարցեր կային լոգիստիկայի հետ կապված։ Այս աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու համար ունենք Եգիպտոսի կառավարութան օգնության կարիքը, որովհետև մենք բեռը ուղիղ չենք կարող տեղ հասցնել»,– նշեց նա։
Արփինե Սարգսյանն իր հերթին նշեց, որ Եգիպտոսի կառավարության հետ արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները։