ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ–ում գործող մետաղական 7 հանքերից պետությանը վճարված ռոյալթիից ազդակիր 33 բնակավայր այս տարի կստանա 1 մլրդ 51 մլն դրամ մասհանում։ Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նախարարը տեղեկացրեց, որ 2021 թ–ին ՀՀ–ում գործող մետաղական հանքերը պետական բյուջե են վճարել 52,5 մլրդ դրամ ռոյալթի, որի 2 տոկոսն էլ կազմում է այդ 1 մլրդ 51 մլն դրամ մասհանումը։ Ինչո՞ւ է 2024 թվականին մասհանվում 2021 թ–ին վճարված ռոյալթիից, Սանոսյանը բացատրեց, որ դա ըստ ընդունված կարգավորումների է` տվյալ տարում ռոյալթիից մասհանումն արվում է 3 տարի առաջ կատարված վճարից։
1 մլրդ 51 մլն դրամը բաշխվել է ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքների 33 բնակավայրերի միջև: Ըստ այդմ` Մեղրին կստանա 93 մլն դրամ, Քաջարանը` 150 մլն դրամ, Կապանը` 251 մլն դրամ, Վարդենիսը` 185 մլն դրամ, Ալավերդին` 246 մլն դրամ, Ծաղկաձորը` 85 մլն դրամ։
Նախարարն ասաց, որ այս գումարները համայնքները կծախսեն կոնկրետ ուղղություններով` գյուղատնտեսություն, կրթություն և գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ և երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում և ջրահեռացում, տրանսպորտ և ճանապարհաշինություն, զբոսաշրջություն:
Սանոսյանը տեղեկացրեց, որ նախագծերն արդեն կան ու պետք է սկսեն կոնկրետ ոլորտներով բուն աշխատանքները կամ գույքի ձեռքբերումը։