ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը երկու կողմ ունի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե «Միր» քարտի սպասարկումը դադարեցնելն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային վճարային քարտերի համակարգը (НСПК ) Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ 2024 թվականի մարտի 30-ից ArCa-ի անդամ բանկերը դադարեցնում են սպասարկել «Միր» քարտերը։
«Շատ դեպքերում մեր բանկային համակարգը, եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում, ինչը մեր ոչ միայն ֆինանսական ոլորտին, այլև իրական հատվածին կդնի լուրջ խնդիրների առաջ»,– ընդգծեց նա:
Թունյանը նաև նշեց, որ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ «Եվրանեսթում» մասնակցել է երկու նիստի և զեկույցների ժամանակ ՀՀ–ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների առումով, որին հայկական կողմը պատասխանել ու հիմնավորել է, որ նման բան չկա:
«Այս իմաստով երկսայր սուր է` պետք է և՛ նայել պատժամիջոցները չշրջանցելու ռիսկերը, և՛ շրջանցելու ռիսկերը: Իմ կարծիքով` ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, և «Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված, ամեն ինչը հաշվի առնող որոշում է եղել»,– վսհատեցրեց Թունյանը։
Հիշեցնենք, որ մարտի 19–ից ՀՀ առևտրային բանկերը դադարեցրել են «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Միայն ՎՏԲ–Հայաստան բանկը, լինելով ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկ, շարունակելու է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։