ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, որը կալանավորվել է «Ինտենսիվ այգիների» գործով, ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում են Մարտիրոսյանի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը։
ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մարտի 27-ին ամբողջությամբ մերժել է նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը Տարոն Մարտիրոսյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
«Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու հիմքերի բացակայությունը»,- գրել են փաստաբանները։
Նրանց խոսքով՝ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ փաստաբանական հետաքննություն էր իրականացվել։ Դրա շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ փաստաբանների, ամբողջությամբ ապացուցում են Մարտիրոսյանի անմեղությունը:
Փետրվարի 5-ին հայտնել էինք, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։