ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանը խորհրդարանական մակարդակով շփումներ կսկսեն։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հաջորդ հանդիպումն ամենայն հավանականությամբ կլինի մայիսի կեսերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել մարտի 22-ին Ժնևում։
Ալեն Սիմոնյանը պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ չեն քննարկվել հարցեր, որոնք պառլամենտական դիվանագիտությունից դուրս են, բայց այնուամենայնիվ կողմերը չեն կարողացել շրջանցել սահմանային լարվածության հարցերը։
«Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: