ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքացիները ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության կանցնեն։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։
2024–ի օգոստոսի 1–ից ՌԴ սահմանապահներն այլևս ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում»։