Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար

Բեռնատարներ
Ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Երեկ տեղեկացրել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց Հակոբյանը:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան, միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: