Սևիկյանի գոլը չփրկեց. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին

Հայաստանի հավաքականը Չեխիայի հավաքականը հետ ունեցած 5 խաղերից միայն մեկում էր կարողացել հաղթել և ու խոշոր հաշվով պարտվել էր մյուս 4 խաղերում։ Այդ խաղերից միայն մեկն էր կրել ընկերական բնույթ։ Նման երկրորդ խաղում մեր թիմը անհամեմատ ավելի լավ ներկայացավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի– Sputnik. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում մրցակցի հարկի տակ զիջեց Չեխիայի հավաքականին 1։2 հաշվով։
Նախ նշենք, որ բավականին հետաքրքիր մեկնարկային կազմ էր ընտրել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը` մասնավորապես փոխարինողների նստարանին թողնելով Էդուարդ Սպերցյանին։ Սակայն Հայաստանի հավաքականը մինչև ընդմիջման գնալը շատ լավ խաղակես անցկացրեց, իսկ Սպերցյանը խաղադաշտ մտավ երկրորդ կեսում։ Կոսովոյի հետ խաղի համեմատ մեր թիմի մեկնարկային կազմում կար 4 փոփոխություն։
Ինչպես և սպասվում էր Չեխիա-Հայաստանի խաղի մեկնարկում դաշտի տերերը առավելություն ունեին, և գոլային իրական պահեր էլ ունեցան։ Մեր հավաքականի տղաները ձգտում էին մեկը մյուսին ապահովագրել պաշտպանությունում, բացի այդ հարձակվելիս զգացվում էր բազմազանություն, քանի որ գրոհը եզրափակող ֆուտբոլիստի դերը տանում էին տարբեր ֆուտբոլիսներ։ Եվ մեր թիմի կտրուկ հակագրոհը արդյունք տվեց։ Կամո Հովհաննիսյանը հարձակման ձախ եզրում միացրեց «հրթիռային» իր արագությունը ու հասնելով դիմային գծին հետ փոխանցում կատարեց, իսկ Էդգար Սևիկյանը չեխ պաշտպանի հետ պայքարում գլխի հարվածով բացեց հաշիվը։
Գոլից հետո մեր ֆուտբոլիստները անհամեմատ վստահ ու համարձակ սկսեցին գործել, մասնավորապես հարձակման գծում։ Կամո Հովհաննիսյանը շարունակում էր զարմանցնել մրցակցին իր արագացումներով։ Ու եթե այս խաղում գործեր VAR համակարգ, հաստատ մերոնք 11 մետրանոցի իրավունք կստանային, երբ չեխերի տուգանային հրապարակում գցեցին Բալեկյանին։ Բայց մրցավարը խախտում չտեսավ։ Թվաց, որ ընդմիջման կգնանք հաղթելով, բայց անկյունայինի փոխանցումից հետո Վլադիսլավ Կրեյչին խփեց պատասխան գնդակը։
Երկրորդ կեսում հիմնականում հավասար պայքար էր ընթանում։ Բայց մեր ֆուտբոլիստները խաղավերջում սկսեցին հաճախակի սխալվել, ու պարտվեցին։ Խաղի 78-րդ րոպեին Թոմաշ Խորին առաջ մղեց Չեխիայի հավաքականին։ Դաշտի տերերը կարող էին և ավելիին հասնել, նման հնարավորություն չեխ ֆուտբոլիստներ ունեին։ Սակայն 2։1 հաշվով հաղթանակն էլ դժվար թե տխրեցնի Չեխիայի հավաքականին։
Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումները անցկացնելու է ամռան առաջին ամսին՝ հունիսի սկզբին։ Նախ հունիսի 4-ին հյուրընկալվելու ենք Սլովենիայի հավաքականին, ապա հունսի 7-ին Երևանում կընդունենք Ղազախստանի ընտրանուն։ Երկու դեպքում էլ խաղը ընկերական բնույթ է կրելու։
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտվեց ռումինացի հասակակիցներին