ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ ՌԴ սահմանապահներին հայ–թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՌԴ սահմանապահները դուրս բերվեն նաև հայ-թուրքական սահմանային հատվածից։
«Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չէ,– պատասխանեց Սիմոնյանը և հավելեց,– խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ՌԴ սահմանապահները կկարողանան պաշտպանել մեր երկիրը»։
Սիմոնյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցն էլ Հայաստանի համար վերջնականապես որոշված է` ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» կմնան մինչև օգոստոսի 1-ը։
«Փորձ է արվում դա ներկայացնել որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու քայլ, բայց իրականում սա միջգերատեսչական համաձայնություն էր, որի նպատակն էր տվյալ հատվածում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- ընդգծեց ԱԺ նախագահը` հավելելով, որ ռուսական կողմին շնորհակալություն են հայտնել օգնության համար։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։