ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն ստացել է 143 դիմում «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ իրենց հարազատների կորստի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«ՌԴ քննչական կոմիտեն տուժածներից 143 դիմում է ստացել ահաբեկչական գործողության հետևանքով իրենց հարազատների կամ մերձավորների կորստի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա այս պահին ճանաչվել է 84 մարմին, այդ թվում՝ 5 երեխայի։
«Այս պահի դրությամբ նույնականացվել է մահացածների 84 մարմին, այդ թվում՝ 9-16 տարեկան 5 երեխայի մարմին։ Մյուս զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով կատարվում են մոլեկուլա-գենետիկական փորձաքննություններ»,- ասել են գերատեսչությունից։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։ Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա):
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։