ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Մոսկվան ուսումնասիրում է Ուկրաինային զենք մատակարարելու ցանկացած երկրի մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Մոսկվան այն տեղեկատվությանը, թե Բաքուն, Թուրքիայի համաձայնությամբ, Ուկրաինային զենք է մատակարարում։
«Ցանկացած տեղակատվություն կիևյան ռեժիմին զենք մատակարերլու մասին մանրամասն ուսումնասիրվում է։ Եվ մենք պետություններին տարանջատում ենք միայն մի սկզբունքով` նրանց գործողությունները վնասո՞ւմ են ՌԴ քաղաքացիներին, նրանց քայլերի արդյունքում մեր քաղաքացիները կդառնա՞ն կիևյան ռեժիմի ահաբեկիչների զոհ, թե՞ ոչ։ Սա մեզ համար սկզբունքային հարց է»,– ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևոր համարեց, որ Ուկրաինային զենք մատակարարող հավանական երկրների ցանկում չկա Հայաստանը. «Մնում է՝ Ուկրաինային զենք մատակարարողների ցանկում ՀՀ–ն էլ լինի»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։