ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արժանացել է Ռուսաստանի ժուռնալիստների միության «Տարվա լավագույն մեդիամենեջեր» հատուկ մրցանակին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում Ռուսաստանի «Ոսկե փետուր» մրցանակաբաշխությունը:
«Շնորհակալություն։ Դա ինձ համար մեծ պատիվ է, երբեք չեմ ստացել այդ մրցանակից։ Ես հիշում եմ, որ դեռ մանուկ ժամանակ լսել էի, որ ինչ-որ մեկը Ռուսաստանի «Ոսկե փետուր» է ստացել, և դա ինձ համար միշտ եղել է այնպիսի ներշնչանքի աղբյուր. ես մտածում էի` մի՞թե երբևէ կմեծանամ ու մասնագիտության մեջ այնպիսի հաջողությունների կհասնեմ, որ կկանգնեմ այն լրագրողների կողքին, որոնց հանձնվել է այդ մրցանակը։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր համարել են, որ ես արդեն մեծացել եմ և արժանի եմ դրան», - ասել է Սիմոնյանը հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրված տեսաուղերձում։
«Ռուսաստանի ոսկե փետուրը» Ռուսաստանի ժուռնալիստների միության ամենամյա մասնագիտական մրցանակ է: Մրցույթի նպատակն է աջակցել և խրախուսել տաղանդավոր լրագրողներին: Մրցանակը շնորհվում է ակնառու մասնագիտական վաստակի, հայրենական մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությունում երկարամյա աշխատանքի, գործընկերների շրջանում քաղաքացիական դիրքորոշման և բարոյական հեղինակության համար: