ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ–ի շփումները մեկ նպատակ ունեն` օգնել, որ երկրները հաղթահարեն առկա տարաձայնությունները և հասնեն խաղաղության կայուն համաձայնագրի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը` պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը ինչ հարցեր են քննարկելու Բրյուսելում կայանալիք հանդիպմանը:
«Ես այդ մասին մանրամասն չեմ խոսի, միայն կասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ փոխգործակցության մեր նպատակն է խրախուսել երկու երկրներին աշխատել տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ և հասնել խաղաղության կայուն ու երկարատև համաձայնագրի, - ասել է Միլլերը:
Հիշեցնենք` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Ըստ նրա` նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։