ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ ՀՀ տարածքում գտնվող որևէ տուն սահմանազատման հետևանքով չի կարող հայտնվել ադրբեջանական կողմում ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Գնել Սանոսյանը։
«Կարծում եմ՝ այս ամբողջ պրոցեսի դրական կողմն այն է, որ մենք ապրենք խաղաղ պայմաններում, ամբողջ գործընթացի հիմքում դրված է խաղաղությունը, դրված է, որ տարածքները հստակեցվեն, հարևանների միջև վեճեր չառաջանան, որը կբերի հանդարտություն, խաղաղություն և ավելի պակաս ռիսկեր»,- ասաց Սանոսյանը։
Սահմանազատման ընթացքում կարող են նաև եթակառուցվածքներին վերաբերող հարցեր առաջանալ, ուստի հիմա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ուսումնասիորւմ է, գույքագրում հնարավոր խնդիրները։
«Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ, կարող է լինել գյուղի ջրագիծ, էլեկտրհաղորդման գիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ որ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, յուրաքանչյուրն ինչ-որ չափով հետ են գնալու, իրար մոտիկ են կանգնելու, էդ ինչ-որ չափն ինչքան է, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե կառաջանա չեզոք գոտի, դրա տարածքում ինչ-որ ենթակառուցվածք կհայտնվի, թե չէ»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ հիմա դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, որոշումներ այս պահին չկան։
Նա նաև հիշեցրեց, որ ըստ քարտեզների՝ Տավուշում կան հողեր, որոնք սահմանազատման արդյունքում մեզ են վերադարձվելու։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։