ՀՀ-ն ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել սահմանի պահպանությունը․ հայտարարություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը զգուշացնում է՝ եթե իրենց նշած հանգամանքները հաշվի չառնվեն, ամեն ինչ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ընդհուպ պետականության կորստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ-ն այսօր ի վիճակի չէ սեփական ուժերով ապահովել պետական սահմանի պահպանությունը։ Այս մասին ասված է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ հակառուսական տրամադրությունների ալիքի ներքո ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել 2024 թ. օգոստոսի 1-ին դադարեցնել ՀՀ ԱԱԾ և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:
«Այս որոշումը մտահոգություն չէր առաջացնի, եթե ամեն ինչ այդքանով ավարտվեր։ ՌԴ սահմանապահ զորքերի դերը «Զվարթնոց» օդանավակայանում այնքան էլ մեծ չէ, և դա հաշվի առնելով, ինչպես նաև իրավական գործիքների բացակայությունը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ջոկատի հրամանատարությանը հնարավորություն ունի ինքնուրույն կայացնել բոլոր որոշումները: Այս առումով, մեր կարծիքով, «Զվարթնոցի» վերաբերյալ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության հեղինակների՝ Ռուսաստանի հետ ՀՀ-ի ռազմաքաղաքական պայմանագրերը մեկը մյուսի հետևից խզվելու են․ սկզբում դուրս է բերվելու102-րդ բազան, ապա ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այսօր առանց Ռուսաստանի աջակցության ի վիճակի չէ պաշտպանել հայ-թուրքական պետական սահմանը:
Որպես հիմնավորում՝ միությունը նշել է 4 պատճառ․
1.
ՀՀ-ն չունի մասնագիտացված և օժանդակող անձնակազմ, որի պատրաստման համար ժամանակ և միջոցներ են պետք։
2.
Հայ-թուրքական սահմանին դեռևս ԽՍՀՄ տարիներից կան ինժեներական կառույցներ, որոնց սպասարկումը պահանջում է ոչ միայն մեծ ֆինանսական ծախսեր, այլև նեղ մասնագիտական անձնակազմի առկայություն։
3.
Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում միջադեպերն ու սադրանքներն անխուսափելի կդառնան։
4.
Պետք է հաշվի առնել, որ այսօր Հայաստանը պետք է ինքնուրույն ապահովի հազարավոր կիլոմետրեր ձգված հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը։
Վերջում ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը զգուշացնում է՝ այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում ամեն ինչ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ ընդհուպ պետականության կորստի։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՌԴ սահմանապահներին հայ–թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։
Հիշեցնենք նաև` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։ Նամակում նաև տեղեկացրել են` քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ընթացքում ՌԴ–ի մեր գործընկերների աջակցությամբ «Զվարթնոցում» ծառայող ՀՀ սահմանապահներն արդեն բավարար փորձ ու հմտություն ձեռք են բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։