ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
«Հայկական կողմին առաջարկվել է միանալ դիմումին, սակայն առաջարկը մերժվել է ՝ կազմակերպությունում երկրի մասնակցության սառեցմամբ պայմանավորված», - պարզաբանեց Ղուլյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը դեմ չէր ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, բայց ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման պատճառով չմիացավ այդ փաստաթղթին։
Ինչ վերաբերում է բուն ողբերգությանը, ապա խորհրդարանի խոսնակն իր տելեգրամյան ալիքում արդեն ցավակցություն է հայտնել, իսկ խորհրդարանի փոխնախագահը Ժնևում ունեցած ելույթում դատապարտել է ահաբեկչությունը:
Հավելենք, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները խստորեն դատապարտել են «դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և հանգեցրել է բազմաթիվ զոհերի խաղաղ քաղաքացիների շրջանում»։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։ Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա):
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։