ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանն հերթական անգամ հող է նախապատրաստում սադրանքի համար։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այսօր տարածած հայտարարությունը։
Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում էր, թե Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում։
«Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունների հետ կապված միանշանակ ինչ-որ մեկնաբանություններ անելը կամ միանշանակ «այո» կամ «ոչ» ասելը»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն- Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ Սիմոնյանն ասաց, որ հանդիպման օրակարգից տեղյակ չէ։