Փարաքարի գյուղերից մեկի նախկին գյուղապետը համայնքի վարչական շենքն օտարել է որդուն

Գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել 246,6 քմ մակերեսով վարչական շենքն ու 920 քմ հողամասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որը ձեռք է բերել նրա որդին։ Նախաձեռնվել է վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին:
Այնուհետև, գյուղապետը թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում:
2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):