«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան

1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում ստացել է «օրենքով գողի» կարգավիճակ և շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Դատախազը հաստատել է «oրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս):
«2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Արմեն Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը»,–հայտնում է դատախազությունը։
Արմեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ։