Հակոբ Արշակյանն Ադրբեջանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել

Հակոբ Արշակյանը Ժնևում. Արխիվային լուսանկար
Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պետություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ Հայաստանն Ադրբեջանի հետ շարունակում է կառուցողական բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս մասին Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Այս ջանքերը հիմնված են երկու երկրների ղեկավարների կողմից նախկինում քննարկված և հավանության արժանացած սկզբունքների վրա»,–ասել է նա:
Արշակյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը` ընդգծելով, որ այն կհեշտացնի հաղորդակցությունը երկու պետությունների, տնտեսությունների, ժողովուրդների և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Նրա խոսքով` նման մոտեցումը կենսական նշանակություն ունի երկու երկրների և ընդհանրապես տարածաշրջանի միջև խաղաղության, բարգավաճման և վստահության ամրապնդման համար:
Արշակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պետություններին, ինչպես նաև խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:
Նա նաև հավելել է, որ Հայաստանը 2024 թվականի սեպտեմբերին կհյուրընկալի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: