Հայաստանը հավատում է, որ ԵՄ–ն կարող է կանգնեցնել Ալիևին. Տիգրան Բալայան

ԵՄ–ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տիգրան Բալայանն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, քանի որ այն նախկինում որևէ հետևանք չի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանը հավատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը. այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի։ X–ի իր էջում այս մասին գրել է ԵՄ–ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Տիգրան Բալայանը` պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Նշենք, որ ավելի վաղ Կլաարը X-ի իր էջում գրել էր, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են։
«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, որը լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները»,–գրել է նա` նշելով, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, քանի որ այն նախկինում որևէ հետևանք չի ունեցել։
Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարն ընդգծել էր, որ անհրաժեշտ են սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ իրական բանակցություններ, բոլոր տարածքային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ արդեն մոտ մեկ շաբաթ է անցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում կայացած հանդիպումից, իսկ խոսքից գործ անցում դեռ չկա: Նրանք հիշեցնում էին Փաշինյանի այն խոսքերը, որ եթե հայկական կողմը հրաժարվի սահմանազատման գործընթացից, ապա շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի։
Ադրբեջանական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները սպառնացել են, որ «Բաքուն մտադիր չէ երկար սպասել» և «գյուղերը չվերադարձնելը ռազմական գործողություններ սկսելու պատճառ կդառնա»: