ԵՐԵՎԱՆ, 26 մարտի, Sputnik-Խաչիկ Չախոյան. Հանդիպման տրամաբանական հաշիվը կլիներ իհարկե ոչ-ոքին։ Խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում, որոշ խաղային դրվագներում նույնիսկ մեր հավաքականը ավելի մոտ էր մրցակցի դարպասը գրավելուն։
Խաղի հիմնական ժամակի ավարտից 3 րոպե առաջ մեր թիմի կազմում երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Էրիկ Սիմոնյանը, իսկ ռումինացիները տուգանայինի մատույցներում ստացան տուգանային հարվածի իրավունք։ Հետևեց փոխանցումը, և Քրիստիան Միհայը գլխի հարվածով անմիջապես իրացրեց թվային առավելությունը և հաղթանակ բերեց Ռումինիայի երիտասարդական հավաքականին։
Ութ խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական խմբում վաստակել է 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 6-ին. մեր ֆուտբոլիստները հյուրընկալելու են Ֆինլանդիայի իրենց հասակակիցներին։