ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ժնևում ընթացող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Նախքան սկսելը՝ մենք պետք է դատապարտենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և մեր ցավակցությունը հայտնենք զոհերի ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթենք տուժածներին: Սա ընդգծում Է ծայրահեղականության դեմ պայքարում միասնության անհրաժեշտությունը՝ խաղաղության և անվտանգության պահպանման համար»,–ասել է Արշակյանը։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։