Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է կառուցել Աբովյան ՔԿՀ-ի տարածքում․Մինասյան

Sputnik
«Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր քրեակատարողական հիմնարկ չի կառուցվի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Պատկան մարմիններն ավելի վաղ նախատեսել էին, որ նոր ՔԿՀ-ն կկառուցվի Էրեբունի վարչական շրջանում՝ Նուբարաշեն և Վարդաշեն ՔԿՀ-երի տարածքում։
«Երբ մրցույթը հաղթած ընկերությունը գեոդեզիական աշխատանքներ իրականացրեց, պարզվեց, որ այդ հողերի վրա բետոնացման աշխատանքների համար ներդրումն այնքան մեծ պետք է լինի, որ բոլորովին էլ նպատակահարմար չե այնտեղ բանտ կառուցել։ Դա է պատճառը, որ այնտեղ գտնվող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-երն այդքան անմխիթար վիճակում են»,-պարզաբանել է նախարար Մինասյանը։Նրա խոսքով՝ Խորհրդային Միության տարիներին երկար չեն մտածել, տեսել են հողերը Երևանից դուրս են, անպիտան են, կառուցել են բանտեր, դրա համար բոլորս հիմա տառապում ենք այդ սխալ որոշման արդյունքում։
Ըստ արդարադատության նախարարի՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան» ՔԿՀ-ներն ու «Դատապարտյալների հիվանդանոցը», կփակվեն և դրանց ծառայողներն ու դատապարտյալները կտեղափոխվեն նոր կառուցվող բանտ։