Բաքվի կողմից Կիևին մատակարարվող սպառազինության փաստերը կազդեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա.Աբովյան

Sputnik
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Բաքուն սպառազինություն է մատակարարում Կիևին։
Ադրբեջանը, սակայն, հերքում էր այդ լուրերը։ Վերջապես «Рыбарь» տելեգրամյան ալիքում հայտնվեցին անհերքելի ապացույցներ` Ադրբեջանից Ուկրաինային զենքի և սպառազինության մատակարարման մասին։
«Рыбарь» տելեգրամյան ալիքը հրապարակել է Կիևի տնտեսական դատարանի որոշումը` Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության միջև վեճը լուծելու վերաբերյալ։ Որոշումից տեղեկանում ենք, որ Կիևի դատարան հայց է ներկայացվել «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունից ավելի քան 80 միլիոն գրիվնա, այսինքն` ավելի քան 2 միլիոն դոլար բռնագանձելու մասին՝ հարյուրից ավելի միավոր զենիթահրթիռային կայանքների և հրանոթների մատակարարման պայմանները խախտելու համար։
Պարզվում է, որ ուկրաինական ընկերության ներկայացուցիչները պայմանագիր են կնքել Ադրբեջանի հետ զենիթահրթիռային կայանքների մատակարարման վերաբերյալ։ Սպառազինության մի մասը մատակարարվել է, մնացածը`ուշացվել է, ինչի համար էլ Ոուկրաինայի պաշտպանական գերատեսչությունը դատական հայց է ներկայացրել։
Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը ավելի քան համոզված է, որ այս բացահայտումը կազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։