ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ձեր հաղթանակների շնորհիվ մեր հասարակությունն աննկարագրելի էմոցիաներ և ոգևորություն է ապրել: Վստահ եմ՝ ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Մարզիկներն ընդգծել են, որ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դրոշը ծածանելն ու հայ ազգի անունը բարձր պահելը մեծ հպարտություն է եղել:
«Երկար տարիներ է՝ Հայաստանում չեմ ապրում, և այս գնահատանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունի ինձ համար: Այս մեդալն էլ իմ մյուս մեդալների կողքին իր տեղը կունենա»,- ասել է Արմեն Նազարյանը:
Վաղինակ Գալուստյանն էլ իր հերթին նշել է, որ հաճելի և պարտավորեցնող է, երբ գնահատվում են նաև նախկինում սպորտային պատմություն ունեցող մարզիկները:
Նա ընդգծել է, որ մեծ սպորտում այսօրվա հաղթանակները պատահական չեն. դրանք պետության ուշադրության արդյունք են: