Վիվա–ՄՏՍ–ի ֆիրմային անվանումը փոխվել է

Վիվա-ՄՏՍ
Փոփոխվել են նաև ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Այսօրվանից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է։ Ինչպես հաղորդում են ընկերության լրատվության բաժնից, այսուհետև նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» է։
«Համապատասխանաբար փոփոխվել են նաև ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն»,- տեղեկացնում են ընկերությունից։
Հիշեցնենք՝ հունվարի 25-ին հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։
Հունվարի 24-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: Ընկերության նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքի դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։
«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս 2022 թ–ից։ Կիպրոսի ընկերությունների պետական ռեգիստրի տվյալներով` «Fedilco»–ի սեփականատերեր են համարվում նաև Կիպրոսում գրանցված օֆշորային այլ ընկերություններ:
2023–ի նոյեմբերի 15–ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովը թույլատրեց, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն վաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Հանձնաժողովի հրապարակման մեջ նշվում էր` նկատի ունենալով, որ «ՄՏՍ–Հայաստանը» և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստանը» այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից։