ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Դեսպանատան մոտ նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Խորապես ցնցված եմ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչական ակտից, որի հետևանքով մեծ թվով անմեղ մարդիկ զոհ գնացին։ Հայաստանը վճռականորեն դատապարտում է ատելության այս ակտը՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ։ Հայտնում եմ անկեղծ ցավակցություններս նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուս ժողովրդին, զոհերի հարազատներին և մտերիմներին, բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Խաչատուրյանը։
ՀՀ նախագահի ու ՌԴ դեսպանի միջև կարճատև զրույց է կայացել:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մարտի 24-ը ՌԴ-ում համազգային սգո օր էր հայտարարվել։ Այդ կապակցությամբ սգո մատյան է բացվել Ռուսաստանում։