Տավուշի գյուղերի հետ կապված որոշում դեռ չկա․ ԱԳ նախարարի տեղակալ

Փոխնախարարի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն է, որ 31 գյուղերի կենսական տարածքները ևս պետք է քննարկման առարկա լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Այս պահին Տավուշի գյուղերի հետ կապված որոշում չկա, քննարկումները շարունակվում են։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Հանձնաժողովներն աշխատում են, քննարկումները շարունակվում են այս փուլում մեր նշած հիմքերի հիման վրա, որոնք հանրայնացվել են՝ Ալմա Աթայի հռչակագիրն ու խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանները»,- ասաց փոխնախարարն ու շեշտեց՝ խոսքը ամենաթարմ քարտեզների մասին է։
Ըստ նրա՝ պետք է քննարկումներն ամփոփել, հետո վերջնական եզրահանգումներ արվեն։
«Հայկական կողմի դիրքորոշումն է, որ 31 գյուղերի կենսական տարածքները ևս այս քննարկման շրջանակներում են»,- ասաց Սաֆարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ քանի որ սահմանազատման աշխատանքները մտնում են գործնական փուլ, կատարվում են որոշակի ուսումնասիրություններ, որոնք քննարկումներն ավարտելուց հետո կհանրայնացվեն։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ սահմանազատումը չի սկսվում, օրինակ, Ջերմուկից կամ Գեղարքունիքից, որտեղ ադրբեջանական կողմը Հայաստանի սուվերեն տարածքից բռնազավթումներ է արել։
Ոչ մեկը հող չի հանձնում. ԶՈւ ԳՇ պետը` Տավուշի գյուղերի մասին
«Մեր սուվերեն տարածքից հետ կապված բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով։ Կրկին նշեմ, որ սահմանազատման հանձնաժողովների քննարկումների, աշխատանքների արդյունքները կհանրայնացվեն»,- ասաց Սաֆարյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։