Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ Լիլիթ Իսրայելյանի հարազատները հայտնել էին, որ չի հաջողվում կապ հաստատել նրա հետ, ով ահաբեկչության վայրում է եղել։
Հաղորդվում է, որ ահաբեկչության զոհ է դարձել նաեւ Լիլիթ Իսրայելյանի ամուսինը։ Ամուսիններն ունեին 1.5 տարեկան երեխա։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում ՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։
Հավելենք, որ այս պահին Մոսկվայի Բասմանյան դատարանում քննվում է ահաբեկչության մասնակիցների նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։