ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի բեմադրած հարցազրույցների հեռարձակումը Ժնևյան կոնվենցիայի ուղղակի խախտում է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու վերաբերյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը, որը ստեղծել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Այսպես է կառույցը մեկնաբանել Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի` ադրբեջանական պետական ալիքին տված հարցազրույցի անոնսի հրապարակումը։ Հայտնի է, որ պատրաստվում են հրապարակել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցը։
«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու համար։ Ադրբեջանի նման մանիպուլյատիվ մարտավարությունը ծառայում է միջազգային մարդասիրական իրավունքի ամբողջականության խաթարմանը, իսկ միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի այդ ամենը: Այս գործողությունները ոչ միայն դատապարտելի են բարոյական տեսանկյունից, այլև ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանձնախումբը ՀՀ պետական գործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել` թույլ չտալու Ադրբեջանին հետագայում հեռարձակել ռազմագերիների և պատանդների հետ տեսանյութեր կամ հարցազրույցներ:
Հայտարարությունում նշվում է նաև, որ Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է ռազմագերիներին ենթարկվել հանրային հետաքրքրասիրության: Ադրբեջանում ռազմագերիներին պատկերող տեսանյութերի հրապարակային հեռարձակումը, ըստ այդ կոնվենցիայի, նրանց անձնական կյանքի և արժանապատվության անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտում է:
Կառույցը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ` հակամարտության հետևանքով տուժած բոլոր անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք` 2023–ի սեպտեմբերյան էսկալացիայից և արցախցիների բռնի տեղահանումը սկսվելուց հետո ադրբեջանցիները ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։