ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Հրազենային վնասվածքներից զոհվել է 40 մարդ, հրդեհից՝ 45։
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը մանրակրկիտ պլանավորվել և նախապատրաստվել է։ Բաստրիկինը հայտնել է, որ մեղադրվողները մանրամասն ցուցմունքներ են տվել պատվիրատուների և նրանց մասին, ովքեր օժանդակել են ահաբեկչության նախապատրաստմանը։ Նրա խոսքով՝ հարցաքննության ժամանակ և դատարանում բոլոր մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Բաստրիկինը հայտնել է նաև, որ ահաբեկչության գործով անցկացվել է ավելի քան 200 զննում, առգրավվել են հետաքննության համար նշանակություն ունեցող իրեր։
Հետաքննությանը հաջողվել է պարզել տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական ժամանակագրությունը։ Ահաբեկիչները «Կրոկուս Սիթի Հոլ» են մտել Մոսկվայի ժամանակով 19.58-ին, հեռացել շենքից՝ 20.11-ին։
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան էլ հայտնել է, որ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հետևանքով 52 տուժած դուրս է գրվել հիվանդանոցներից, 93-ը շարունակում են մնալ ստացիոնար բուժման մեջ, այդ թվում ՝ 5 երեխա։ 9 տուժածների, այդ թվում՝ մեկ երեխայի վիճակը, գնահատվում է ծանր։