Ինչու իշխանությունը չի խոսում ահաբեկչությանը ԻՊ-ի մասնակցության մասին. պարզաբանել է Պեսկով

Դմիտրի Պեսկով
Պեսկովը նշել է, որ անհրաժեշտ է սպասել պաշտոնական ուժային գերատեսչությունների եզրակացությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՌԴ իշխանությունը չի մեկնաբանում «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությանը Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր մասնակցության մասին լուրը, քանի որ դեռ հետաքննությունն է ընթանում, պաշտոնական վարկած չի առաջադրվել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննություն է ընթանում։ Խոսվել է միայն նախնական տվյալների մասին։ Առայժմ ոչ մի վարկած ընդհանրապես առաջ չի քաշվել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանի իշխանությունը չի հիշատակում ԻՊ-ի մասնակցությունը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված վարկածների մեջ։
Կրեմլի ներկայացուցիչը կրկնել է, որ անհրաժեշտ է սպասել հետաքննությամբ զբաղվող պաշտոնական ուժային գերատեսչությունների տվյալներին։
Նշենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, ցավակցություն հայտնելով և դատապարտելով «Կրոկուսի» ահաբեկչությունը, հայտարարել էր, որ ԻՊ-ն ընդհանուր թշնամի է, որը պետք է պարտվի: Նմանատիպ հռետորաբանության են հակված նաև ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, որոնք, հղում անելով տեղի պաշտոնյաներին, հայտնում են, որ ողբերգության մեջ մեղավոր է հենց այդ ահաբեկչական խմբավորումը: Ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ վարկածը։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։