ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում մասնակցում է «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովին:
Երկօրյա համաժողովը մեկնարկել է մարտի 25-ին: Միջոցառումն անցկացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։
Համաժողովը մեկ հարթակում կմիավորի իշխանության ներկայացուցիչներին, համաշխարհային ատոմային արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները, ինչպես նաև առաջատար միջազգային փորձագետներին:
Կազմակերպիչների խոսքով՝ «Ատոմէքսպո-2024»-ի առանցքային թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է:
Ֆորումի շրջանակում մարտի 25-ին ուղիղ կապ կհաստատվի Տոմսկի շրջանի Սևերսկ քաղաքի հետ, որտեղ գտնվում է «Պրորիվ» նախագծի կառուցման հարթակը (այն աշխարհում առաջին IV սերնդի էներգետիկ համալիրն է)։ Ուղիղ եթերում տեղի կունենա միջուկային վառելիքի արտադրության համար արտադրման և վերամշակման մոդուլի տեխնիկական պատրաստվածության հաստատումը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը սպասվում է ավելի քան 4500 մարդու մասնակցություն 75 երկրներից՝ բիզնեսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: