Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր. դատարանը փոխել է խափանման միջոցը

Գարիկ Գալեյան
Պաշտպանը Գալեյանի հետ քննարկումից հետո կորոշի իրենց հետագա քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Գարիկ Գալեյանը կկարողանա այցելել Եռաբլուր` որդու` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի շիրիմին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց փոխել նրա խափանման միջոցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Մենք բողոք էինք ներկայացրել, որպեսզի որպես խափանման միջոց թողնվեր միայն գրավը կամ այլ խափանման միջոց կիրառվեր։ Վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը մասնակի բավարարել է` գրավը թողնվել է, դրան լրացուցիչ փոխվել է տնային կալանքը` կիրառելով վարչական հսկողություն։ Ընդ որում` նվազագույն դատական պահանջներ են ներկայացվել, միայն 1 պահանջ է թողնվել` չփոխել մշտական բնակության վայրը։ Սա հավասարազոր է չբացակայելու արգելքին»,– նշեց Հովհաննիսյանը։
Փաստաբանը շեշտեց, որ այն բոլոր դատավարական պահանջները, օրինակ` չհաղորդակցվել լրատվամիջոցների, ինչպես նաև այլ անձանց հետ, դրանք արդեն հանվել են։
Հարցին` արդյոք այլ բողոք կամ միջնորդություն պատրաստվում են ներկայացնել դատարան, Հովհաննիսյանը շեշտեց` պետք է քննարկի Գալեյանի հետ, որպեսզի հստակ որոշում կայացնեն։
Հիշեցնենք` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։