ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանում երեկ դանակահարված երկու կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղամարդը Երևանում դանակահարել է իր հարևան երկու կանանց, որոնք, ըստ ականատեսների, մայր ու աղջիկ են։
«Մարտի 24-ին` ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել 64-ամյա (կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով) և 30-ամյա կանանց (կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:
Ոստիկանները ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդուն հայտանբերել են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում, ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նշենք, որ երեկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները shamshyan.com-ին հայտնել էին, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն: Ըստ հարևանների՝ տղամարդը մի քանի օր առաջ ծնողների հետ է անախորժություն ունեցել, նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, որպեսզի բուժում ստանա, սակայն բժիշկները նրան բաց են թողել։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։