ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար։
«Անհրաժեշտ են սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ իրական բանակցություններ, բոլոր տարածքային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,-գրել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ արդեն մոտ մեկ շաբաթ է անցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Տավուշում կայացած հանդիպումից, իսկ խոսքից գործ անցում դեռ չկա: Նրանք հիշեցնում էին Փաշինյանի այն խոսքերը, որ եթե հայկական կողմը հրաժարվի սահմանազատման գործընթացից, ապա շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի։
Ադրբեջանական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները սպառնացել են, որ «Բաքուն մտադիր չէ երկար սպասել» և «գյուղերը չվերադարձնելը ռազմական գործողություններ սկսելու պատճառ կդառնա»: