«Խոշորները կորզում են ավելի շատ զեղչեր փոքր տնտեսվարողներից»․ Էդուարդ Բադալյան

Sputnik
Կառավարությունը մտադիր է չեղարկել շրջանառության հարկի գործող համակարգը և դրա փոխարեն առաջարկել այլ ավելի լավ համակարգեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործող հարկային համակարգի պատճառով տնտեսության մեջ որոշակի կղզիացում կա. շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողները իրար հետ են համագործակցում, ընդհանուր հարկման համակարգում աշխատողները` իրար հետ։
Նախարարը նշել էր, որ նախատեսվող փոփոխություններով շահութահարկի փոխարեն հնարավոր է` կիրառվի դիվիդենտի հարկ, որը գործում է տարբեր երկրներում։
Նախատեսվում է շրջանառության հարկի համակարգից դուրս բերել նոտարական և փաստաբանական ծառայությունները։ Թե վերջնական տարբերակում էլ ինչ փոփոխություններ կլինեն, պարզ կդառնա կառավարությունում հարկային փոփոխությունների փաթեթի քննարկումից հետո։
Բիզնեսի ներկայացուցիչների կարծիքով` կառավարության առաջարկած փոփոխությունների իրական պատճառը խոշոր տնտեսվարողներն են։
«Նրանք կորզում են ավելի շատ զեղչեր փոքր տնտեսվարողներից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Քաղաքացի–հարկատու–բիզնես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը։