ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Շուրջ 1,2 հազար հայկական բեռնատարներ գտնվում են «Վերին Լարս» անցակետի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը մարտի 23-ից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային վատ պայմանների պատճառով երթևեկությունն արգելված է։
«Մոտ 300 բեռնատար ունենք ՀՀ-ՌԴ ուղղությամբ ճանապարհին, և մոտ 900՝ հակառակ ուղղությամբ»,-ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: