ՀՀ-ում տուբերկուլոզից մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով

Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը Հայաստանում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանում տուբերկուլոզ հիվանդության հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ. հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով, 2015թ. համեմատ նվազել է 63%-ով: Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով: Չնայած այս ցուցանիշներին` հատկապես բազմադեղակայուն տուբերկուլոզի տարածվածության կանխարգելման, բուժման արդյունավետության բարձրացման, խարանի նվազեցման առումով դեռևս անելիքներ կան»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա։
Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը Հայաստանում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։
Հավելենք, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։