ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամի կինը` 42-ամյա Քեյթ Միդլթոնը, տեսաուղերձով է հանդես եկել և հայտնել, որ իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ Նա նշել է, որ չարորակ գոյացությունը հայտնաբերվել է վիրահատությունից հետո, հիմա քիմիաթերապիայի կուրս է անցնում։
«Սա, իհարկե, մեծ ցնցում էր, և մենք Ուիլյամի հետ ամեն ինչ անում ենք, որպեսզի հաղթահարենք այս ամենը հանուն մեր երիտասարդ ընտանիքի»,– հայտարարել է Ուելսի արքայադուստրը։
Քեյթը շեշտել է, որ իրեն ժամանակ էր պետք, որպեսզի բարդ վիրահատությունից հետո վերականգնվեր ու սկսեր բուժումը։ Ամենաբարդը նրա համար եղել է այն, որ պետք է ուժ գտներ ու իրավիճակը ներկայացներ երեխաներին` Ջորջին, Շառլոտային և Լուիին, ու հավաստիացներ, որ ամեն ինչ լավ կլինի։
«Ես նրանց ասել եմ, որ առողջ եմ, ու ամեն օր ավելի ու ավելի եմ ուժեղանում` կենտրոնանալով դրա վրա, ինչն ինձ կօգնի»,– ասել է Քեյթը։
Նա բոլորին շնորհակալություն է հայտնել աջակցության համար` հավելելով, որ հիմա իր ընտանիքին հանգիստ է պետք ու ժամանակ, որպեսզի բուժումն ավարտվի։ Նա նաև դիմել է բոլոր այն անձանց, որոնք այժմ բուժվում են քաղցկեղից, կոչ է արել չկորցնել հույսն ու հավատը։