Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին «Կրոկուսի» ահաբեկչության առիթով

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը սգում է Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր հղում զոհվածների հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ»,–գրել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը սգում է Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն ևս ցավակցություն էր հայտնել անմեղ զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: