ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն աջակցության խոսքեր է հայտնել Մոսկվային` «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայտնել ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն էր հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Մենք հենց նոր ստացանք աջակցության խոսքեր և խորը վշտակցումներ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից»,- ասել է Զախարովան «Ռոսիա–24» հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: