«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկը խոստովանել է, որ եկել է Թուրքիայից

Ուժայինները «Կրոկուս Սիթի Հոլ»-ի մոտ
Հրապարակված կադրերում տղամարդը նաև ասում է իր անունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանցից մեկը խոստովանել է, որ մարտի 4-ին ժամանել է Թուրքիայից: Նրան հարցաքննելու տեսագրությունը հրապարակել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Տղամարդն ասում է, որ Մոսկվայում ինչ–որ հոսթելում է ապրել, հետո տեղափոխվել է ինչ–որ բնակարան։ Նշում է, որ ոմն Մուհամմադի հետ է բնակվել այնտեղ` մոտ 20 օր կամ 1 ամիս։
Ըստ ձերբակալվածի` ոմն Աբդուլո իրենց մեքենա է տվել, որպեսզի աշխատեն որպես տաքսիստ։ Աբդուլոյի հետ Telegram-ի միջոցով են ծանոթացել մոտ 10-12 օր առաջ։
Ահաբեկչության ենթադրյալ պարագլուխն ասում է, որ Աբդուլոյին իրականում էլ է տեսել։ Նրան հարցաքննության ընթացքում նկար են ցույց տալիս, հաստատում է, որ հենց նա է Աբդուլոն։ Հարցին, թե երբ է տեսել այդ Աբդուլոյին, պարագլուխը պատասխանում է` մեքենան գնելիս։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 115 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։