ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են Բրյանսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 11 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 4 ահաբեկիչները, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը։
Ըստ հատուկ ծառայության` ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՌԴ ԱԴԾ–ն նշում է, որ ահաբեկիչները պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը, ինչպես նաև համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմում։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։