ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Սիմոնյանը գրառում է արել իր տելեգրամյան էջում։
«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ: Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,–գրել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ողբերգության կապակցությամբ խորին ցավակցություն էր հայտնել նաև ՀՀ ԱԳՆ–ն։Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: