Կհայտնաբերենք ու կպատժենք յուրաքանչյուրին. Պուտինը` «Կրոկուսի» ահաբեկչության մասին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` համապատասխան մարմիններն ամեն բան կանեն ահաբեկչության բոլոր մանրամասները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է` «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն։ Նա այդ մասին հայտարարեց տեսաուղերձի ժամանակ։
«Քննչական և իրավապահ մարմիններն ամեն ինչ կանեն, որ պարզեն ահաբեկչության բոլոր մանրամասները։ Մենք կհայտնաբերենք և կպատժենք յուրաքանչյուրին։ Հանցագործները սառնասրտորեն գնացել են սպանելու, կրակելու ռուսների վրա, ինչպես ժամանակին գործել են նացիստները։ Այժմ կարևոր է թույլ չտալ այն անձանց, որոնք կանգնած են ահաբեկչության հետևում, նոր հանցագործություններ իրականացնել»,– նշեց Պուտինը։
ՌԴ նախագահը հաստատեց, որ «Կրոկուսում» հրաձգության և ահաբեկչության հեղինակները փորձել են թաքնվել Ուկրաինայում, որտեղ նրանց համար «պատուհան» էր պատրաստվել։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 115 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։