Եթե ԱՄՆ-ն տեղեկություն ունի ահաբեկչությունից, պետք է անհապաղ փոխանցի ՌԴ–ին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Վաշինգտոնի պաշտոնյաներն իրավունք չունեն ողբերգության թեժ պահին որևէ եզրակացություն անել ինչ-որ մեկի անմեղության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Եթե ԱՄՆ-ն հավաստի տեղեկություններ ունի Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ապա դրանք պետք է անհապաղ փոխանցի ռուսական կողմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Սպիտակ տունը որևէ նշան չի տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են եղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Եթե ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տվյալներ այս հարցի վերաբերյալ, ապա դրանք պետք է անհապաղ փոխանցվեն ռուսական կողմին», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կասկածում է, որ Վաշինգտոնի պաշտոնյաներն իրավունք ունեն ողբերգության թեժ պահին որևէ եզրակացություն անել ինչ-որ մեկի անմեղության մասին։ Դիվանագետը հավելել է, որ եթե Վաշինգտոնը տեղեկություն չունի ահաբեկչության կազմակերպիչների մասին, ապա Սպիտակ տունն իրավունք չունի ինդուլգենցիաներ տալ որևէ մեկին։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: