ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը ցնցված է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրեշավոր ահաբեկչություն իրականացնողների և պատվիրատուների դաժանությունից ու ցինիզմից։ Այս մասին դիվանագիտական կառույցը հայտնել է Telegram–յան ալիքում։
«Սգում ենք Ռուսաստանի ողջ ժողովրդի հետ միասին»,– ասված է հաղորդագրությունում։
Դեսպանությունը նշում է, որ անկեղծորեն երախտապարտ են բոլոր նրանց կարեկցանքի և աջակցության համար, ովքեր այս ողբերգական պահին համերաշխություն են ցուցաբերում Ռուսաստանին։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: ԱԴԾ-ի վերջին տվյալներով՝ մահացել է ավելի քան 60 մարդ։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։