ՔՊ-ի ներսում որոշակի խմորումներ են տեղի ունենում. քաղտեխնոլոգը` Փաշինյանի գործելաոճի մասին

Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի իշխող վերնախավի ստվերային հովանավորները դժգոհ են Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Այն, որ ՀՀ իշխանությունները բնակչությանը վախեցնում են պատերազմի սպառնալիքով, նորություն չէ. այսկերպ իշխող ուժը փորձում է կոծկել բանակցային գործընթացի վրիպումներն ու հերթական զիջումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը նրանց վախեցրել էր «մինչև շաբաթվա վերջ նոր պատերազմով», եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման հարցերը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության մեջ որևէ նոր բան չկա: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկա իշխանությունների խաղաղության հայեցակարգը հետևյալն է` «ամեն ինչ հանձնենք, որ հանգիստ ապրենք»: Կամ երկրորդ տարբերակը՝ «եթե ամեն ինչ չհանձնենք, պատերազմ կլինի»։
Այսինքն՝ 2020 թվականից հետո բոլոր զիջումներին այս կամ այն տարածքներից հրաժարվելուն միշտ նախորդել է տեղի բնակչությանը պատերազմի սպառնալիքով ահաբեկելու և շանտաժի ենթարկելու բավականին ագրեսիվ արշավը։ Ըստ էության` հիմա նույն բանն է տեղի ունենում. վարչապետն առավելագույնս «ձգում է պտուտակները», կարծում է փորձագետը։
«Դա մեր ներկայիս իշխանության համար սովորական գործիքակազմ է։ Ահաբեկում են պատերազմով, նսեմացնում են իրենց ժողովրդի հնարավորությունները, բանակի ներուժը, անընդհատ քարոզչական աշխատանքով համոզում են ժողովրդին, որ մենք շատ թույլ ենք, որ ոչնչի ընդունակ չենք, որ մեր բանակը լավ վիճակում չէ՝ դրանով փորձելով արդարացնել իրենց վրիպումները բանակցային գործընթացում»,-նշում է քաղտեխնոլոգը։
Հարցին, թե նոր հակամարտության սպառնալիքի մասին Հայաստանի կառավարության ղեկավարի նախազգուշացումները ինչպես են համատեղվում այն պնդումների հետ, թե ԵՄ առաքելությունը սահմանին կայունության էական գործոն է դարձել, Հակոբյանը պատասխանեց, որ եվրոպացի դիտորդներն անվտանգության առումով անօգուտ են:
«Կարծում եմ՝ դժվար է ինչ-որ նոր բան ավելացնել նրան, ինչն առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ եվրոպացի դիտորդները, որոնք զուտ հետախուզական առաքելություն են իրականացնում, և որոնք զինված են հեռադիտակներով, մատիտներով և համակարգիչներով, չեն կարող որևէ լուրջ դեր խաղալ։ Միացյալ Արևմուտքի եվրոպական հատվածը ռեսուրսներ չունի գործնականում ինչ-որ բան կանխելու, ուժային բաղադրիչի առումով ինչ-որ բան ձեռնարկելու համար»,-կարծում է մեր զրուցակիցը։
Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը. Քոչարյանը` Փաշինյանին
Նրա կարծիքով՝ կիրառական իմաստով ԵՄ դիտորդական առաքելությունը չի կարող շոշափելի օգուտ բերել նոր պատերազմը կանխելու հարցում։ Սա ավելի շուտ ռազմաքաղաքական առաքելություն է, որը հանդես է գալիս որպես Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման փաթեթի կարևոր տարրերից մեկը։
Տավուշի գյուղերի բնակիչների հետ նույն հանդիպման ժամանակ, որտեղ վարչապետ Փաշինյանը նախազգուշացրել էր սահմանազատման գործընթացի ձգձգման դեպքում նոր հակամարտության վտանգի մասին, գյուղացիներից մեկը նկատել էր, որ մեկ շաբաթ առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. «Մենք տարածքները Ադրբեջանին չենք փոխանցի, քանի դեռ նրանք պահում են Բերքաբեր գյուղի հողերը»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր․ «Թող ամեն մեկն իր գործով զբաղվի, Սուրեն Պապիկյանը՝ նույնպես»։
Այս իրավիճակը Հակոբյանն օրինաչափ է համարում, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում արդեն հայտնվել են Ադրբեջանի հետ բանակցություններում ձախողումներից ու զիջումներից հեռավորություն պահել ցանկացողներ։
«Կարծում եմ՝ ՔՊ-ի ներսում որոշակի խմորումներ են տեղի ունենում, դրա մասին վաղուց է խոսվում, դա նկատվում է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում։ Չեմ ուզում հիմա այդ մասին խոսել, բայց բազմաթիվ պատմություններ կան ձերբակալությունների և ազատ արձակումների մասին»,-նշեց Հակոբյանը։
Նա մատնանշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում որոշակի տարաձայնությունների առկայությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այսօր իշխանություն կազմող խմբերը, որոնք ներառում են նաև ֆինանսատնտեսական ազդեցության խմբերը, դժգոհ են Բաքվի հետ բանակցությունների արդյունքներից:
«Ամենայն հավանականությամբ, նրանց տրվել են բոլորովին այլ հավաստիացումներ, երաշխիքներ, ավելի ճիշտ՝ խոստումներ։ Որ խաղաղության նախագիծ է լինելու, խաղաղության դարաշրջան: Եվ այս խմբերը, որոնք Հայաստանում ՔՊ-ի և ընդհանրապես իշխող էլիտայի հիմնական հովանավորներն են, դժգոհ են։ Նրանք զգում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է այն առաքելությունը, որը պետք է իրականացներ, և այսպես կոչված խաղաղության պայմանագիրն այդպես էլ իրականություն չի դառնում»,-ասում է քաղտեխնոլոգը։
Նա նշում է, որ քաղաքական օրակարգի միակ կետը, որը 2020 թվականին հայտնվեց սեղանին՝ ներքին և արտաքին լսարանների համար, լուրջ հաջողությունների չի հանգեցնում: Այսինքն՝ խոսքը հերթական զիջումների մասին է։
Եթե քարտեզներ չկան, Փաշինյանը որտեղի՞ց գիտի, թե ում են պատկանում 4 գյուղերը․ Օհանյան
Հակոբյանը, մասնավորապես, ակնհայտ է համարում, որ անգամ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելով՝ ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ օրակարգից հանել «Զանգեզուրի միջանցքի» և անկլավների հարցերը:
Փորձագետը կանխատեսում է, որ շուտով նաև ադրբեջանցի փախստականների և նրանց փոխհատուցումների հարց կառաջանա:
«Այս քաղաքական վերնախավում միակ մարդը, որը տեղյակ է բոլոր գործընթացներից, և որը միանձնյա քաղաքական կուրս է վարում, Նիկոլ Փաշինյանն է։ Մյուսներն էլ փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ փորձելով հեռու մնալ և նահանջի ուղիներ նախապատրաստել»,-կարծում է նա։
Քաղտեխնոլոգը գալիս է այն եզրակացության, որ հայաստանյան քաղաքական էլիտան միայն ձևականորեն է միատարր։ Մասնավորապես, իշխող վերնախավի «հովանավորների» ստվերային հատվածում բավականին լուրջ դժգոհություն կա վարվող քաղաքականության, և, ամենակարևորը, դրա արդյունքների վերաբերյալ։
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Եզրափակելով` նա հավելեց, որ եթե հարցին մոտենանք իրավական կողմից, ապա Հայաստանում ոչ մի պաշտոնյա՝ լինի վարչապետ, նախագահ, թե խորհրդարանի խոսնակ, իր հայեցողությամբ երկրի սահմանները վերաձևելու լիազորություն չունի։
«Խնդիրն այստեղ այն է, որ մեզ փաստի առաջ են կանգնեցնում, հետո միայն զբաղվում են «իրավական փաթեթավորմամբ»։ Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որ խոսքը գյուղերի մասին է, որոնք ի սկզբանե իր պատկերացրած քարտեզում չեն եղել։ Այսինքն՝ տվյալ դեպքում ստացվում է, որ ինքն իր համար արդեն սահմանազատում-սահմանագծում արել է, Ալիևի հետ միասին ինքը որոշել է, թե որ գյուղերն են գտնվում Հայաստանի տարածքում, որոնք՝ ոչ։ Դա, կարծում եմ, իրավական տեսանկյունից հետագայում լուրջ քննարկման առարկա կդառնա»,-համոզված է քաղտեխնոլոգը։
Նրա համար ակնհայտ է, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան գերազանցում է իր լիազորությունները ու խախտում է Սահմանադրությունը, ապա դժվար է պատկերացնել, որ ինչ-որ փուլում այդ գործողություններին իրավական գնահատական չի տրվի։
«Ժողովրդին չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը». Փաշինյանը` Տավուշի մասին